Արտավազդ Ա Մամիկոնյան
Արտավազդ Ա Մամիկոնյան (3-րդ դար - 4-րդ դար), հայ զորավար, Մեծ Հայքի թագավորության սպարապետ (գլխավոր հրամանատար) և Մամիկոնյանների տոհմի ամենավաղ հայտնի անդամը։ Գործել է Տրդատ Գ թագավորի գահակալության շրջանում (287–330)։
| Արտավազդ Ա Մամիկոնյան | |
|---|---|
| Ծնվել է | 3-րդ դար |
| Մահացել է | 4-րդ դար |
| Մասնագիտություն | զորավար |
| Ամուսին | Անանուն Արտաշեսյան |
| Երեխաներ | Վաչե Ա Մամիկոնյան[1][2] և Համազասպ Մամիկոնյան |
Կենսագրություն
խմբագրելԱրտավազդ Մամիկոնյանը Մամիկոնյանների տոհմի ամենավաղ հայտնի անդամն է։ Արտավազդը հստակորեն հիշատակվում է Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» («Բուզանդարան») երկում, սակայն ենթադրվում է, որ նա պետք է լինի նաև Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու երկերում հիշատակված նույնանուն անձը։ Նա հանդիսանում է Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) զորավար Մանկայոսի հավանական սերունդը, ով մ.թ.ա. 69 թվականին հռոմեացիներից պաշտպանում էր Տիգրանակերտը[3]։ Նրա ծնողների անուններն անհայտ են, ինչպես նաև հայտնի չէ նրա ծննդյան թվականը, սակայն Քրիստիան Սետտիպանին առաջարկել է, որ նա կարող էր ծնված լինել մոտավորապես 265 թվականին[4]։ Հաշվի առնելով նրա սերունդների շրջանում Համազասպ անվան առկայությունը՝ Սետտիպանին կարծում է, որ նա կարող էր ամուսնացած լինել Վիրքի թագավոր Համազասպ Գ-ի (260-265) դստեր հետ, ումից ունեցել է առնվազն մեկ որդի՝ Վաչեին։ Սետտիպանին նաև ենթադրել է, որ նա ունեցել է մեկ այլ որդի՝ Համազասպ անունով, ով Վասակի, Վարդանի, Վահանի, Համազասպյանի, Համազասպուհու և Բագոսի հայրն էր[4]։ Մինչդեռ Կիրիլ Թումանովը կարծում է, որ նրանք Վաչեի որդի Արտավազդի զավակներն էին[3]։
Այն աղբյուրը, որը նրան հստակորեն հիշատակում է, Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» («Բուզանդարան») երկն է, համաձայն որի՝ նա իր տոհմի նահապետն ու Մեծ Հայքի թագավորության սպարապետն (գլխավոր հրամանատարն) էր՝ նախքան իրեն կհաջորդեր որդին՝ Վաչեն[4]։ Մովսես Խորենացին այս համատեքստում որևէ հիշատակում չի անում Մամիկոնյանների մասին և Արտավազդին փոխարինել է Մանդակունիների տոհմից մի նույնանուն անձով, ում գոյությունը վիճարկվում է՝ համարվելով հեղինակի հորինվածքը պատմական Արտավազդին փոխարինելու համար։ Իր պատմության մեջ Մովսես Խորենացին նշել է, որ Արտավազդը ծառայել է որպես Արշակունի թագավորների դաստիարակ և խնամակալ հայր (դայակ), ինչը հաստատում է Մամիկոնյանների արտոնյալ դիրքն այդ ժամանակաշրջանում[5]: Ըստ այդմ՝ նա պատասխանատու է եղել ապագա Տրդատ Գ թագավորին (287-330) իր հոր՝ Խոսրով Բ-ի (252-287) սպանությունից հետո Հռոմեական կայսրություն փախցնելու և փրկելու համար[6]: Մովսես Խորենացու համաձայն՝ Արտավազդի գործողությունները զայրացրել էին Արտաշիր Ա շահնշահին (224-242), ով հրամայել էր բնաջնջել նրա տոհմը, ինչից հետո ողջ էր մնացել միայն նրա դուստրը, ում Աշոցքի իշխան Տաճատն իր հետ տարել էր Կեսարիա (Մաժաք) և ամուսնացել նրա հետ[3]։ Ըստ Թումանովի՝ այս հորինված պատմությունը հակասում է նշված անձանց ժամանակագրությանը, քանի որ Արտաշիրը Խոսրով Բ-ի ժամանակակիցը չէր: Բացի այդ, այն Մամիկոնյանների տոհմի բնաջնջումը վերագրում է Սասանյաններին, մինչդեռ այդ տոհմը շարունակել է գոյություն ունենալ մինչև միջնադար։ Կիրիլ Թումանովը հիմնավորել է, որ այս պատմությունը նպատակ է ունեցել պատճառաբանել Մանդակունիների տոհմի անհետացումը, որոնց վերջին հայտնի հիշատակումը տեղի է ունեցել 5-րդ դարի վերջի սկզբնամասում՝ նախքան Մովսես Խորենացու կողմից իր երկը շարադրելը[7]։ Մովսես Խորենացու համաձայն՝ երբ Տրդատը բարձրացավ գահին, որպես պարգև Արտավազդին նշանակեց սպարապետ[8]։ Ագաթանգեղոսը նշել է, որ Արտավազդը առաքելություն է ստացել Կեսարիայից բերելու Գրիգոր Լուսավորչի որդիներին՝ ապագա կաթողիկոսներ Արիստակես Ա-ին և Վրթանես Ա-ին, և նրանց տեղափոխելու Հայաստան[9]։
Արտավազդը հավանաբար մահացել է 314 թվականից հետո՝ երկրի հյուսիսում Տրդատ Գ-ի մղած պատերազմների համատեքստում[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329.
- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
- 1 2 3 Toumanoff, 1990, էջ 329
- 1 2 3 Settipani, 2006, էջ 132
- ↑ Fausto, o Bizantino, 1989, էջ 358
- ↑ Moisés de Corene, 1978, էջ 224-226
- ↑ Toumanoff, 1963, էջ 212, nota 239
- ↑ Moisés de Corene, 1978, էջ 228, 232
- ↑ Moisés de Corene, 1978, էջ 220, nota 541
- ↑ Fausto, o Bizantino, 1989, էջ 358
- ↑ Moisés de Corene, 1978, էջ 234
Գրականություն
խմբագրել- Toumanoff, Cyril (1990). Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe siècle: Tables généalogiques et chronologiques. Rome: Edizioni Aquila.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն) - Settipani, Christian (2006). Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle. Paris: de Boccard. ISBN 978-2-7018-0226-8.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն) - Pawstos Buzand (1989). Garsoïan, Nina (ed.). The Epic Histories Attributed to Pʻawstos Buzand: (Buzandaran Patmutʻiwnkʻ). Cambridge, Massachusetts: Department of Near Eastern Languages and Civilizations, Harvard University.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն) - Moses Khorenatsi (1978). Thomson, Robert W. (ed.). History of the Armenians. Cambridge, Massachusetts; London: Harvard University Press.
{{cite book}}: Invalid|ref=harv(օգնություն)